Մամուլ

ԵԽ փորձագետները բացասական եզրակացություն են տվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Եվրոպայի խորհրդի Փորձագետների խորհրդատվական հանձնաժողովը (Advisory Panel of Experts on Candidates for Election as Judge to the European Court of Human Rights) Վիգեն Քոչարյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի թեկնածության վերաբերյալ տվել է բացասական եզրակացություն ու արդյունքում մերժել է նրա թեկնածության առաջադրումը ԵԽԽՎ-ին։

Դատական համակարգում լուրեր կան,որ մերժման հիմքը նրա անհամապատասխանությունն է դատավորի պաշտոնին: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է դատավորին ներկայացվող պահանջները: Համաձայն այդ դրույթի՝ դատավորները պետք է ունենան բարոյական բարձր նկարագիր և բավարարեն դատական բարձր պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջները կամ լինեն ճանաչված իրազեկ իրավագետներ։

Այս ֆորմալ պահանջներին չհամապատասխանելու հանգամանքն է եղել նրա թեկնածության մերժման պատճառը: Սակայն Վիգեն Քոչարյանը դատական համակարգում և հրապարակայնորեն շարունակում է պնդել է, թե ինքն է հրաժարվել ՄԻԵԴ գնալու գաղափարից ու կամավոր հանել իր թեկնածությունը:

Նկատենք, որ Վիգեն Քոչարյանը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու է, և եթե Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի փորձագետների հանձնաժողովը գնահատել է, որ վերջինս չի համապատասխանում ՀՀ դատական համակարգի բարձր պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջներին, նաև որպես իրավագետ չունի ճանաչում, ինչպես է նա այս պայմաններում պատրաստվում գնալ Վճռաբեկ դատարան»: