«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գործադիրը նոր փոփոխություններ է առաջարկում ՀՀ ընտրական օրենսգրքում: Նախագծով առաջարկվում է քրեականացնել ընտրությանը մասնակցող թեկնածուներին ինքնաբացարկ ներկայացնելուն կամ մանդատից հրաժարվելուն հարկադրելը:
Փոփոխվող հոդվածներից մեկն էլ հետևյալն է՝ «Ոչ ոք չի կարող հարկադրել ընտրողին՝ բացահայտելու, թե ինչպես է ընտրողը մտադիր քվեարկելու, կամ ինչպես է քվեարկել թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին»։
ԸՕ համապատասխան փոփոխություններից հետո վարչական պատասխանատվություն է նախատեսվելու թեկնածուի կողմից գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու, ինչպես նաև սահմանված ժամկետի խախտմամբ ու չթույլատրված վայրում քարոզչական պաստառ ու քարոզչական տպագիր այլ նյութեր փակցնելու համար: Դեռ 2022թ.-ից նախաձեռնված ԸՕ փոփոխությունների նախագիծը, որը գլխադասային հանձնաժողովում դրական եզրակացություն է ստացել, առաջին ընթերցմամբ քննարկվելու է նաև այսօր մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի ընթացքում: Առաջին ընթերցումից հետո ՔՊ-ն հանրային լսումներ է նախաձեռնելու, որից հետո այն արդեն երկրորդ անգամ կքննարկվի և կքվեարկվի ԱԺ-ում:
Խորհրդարանականներն այս նստաշրջանի ընթացքում նաև ՀՌՀ անդամ և դատավորներ կընտրեն:
ՀՌՀ անդամի առաջադրված միակ թեկնածուն ԲՏԱ նախկին փոխնախարար Ավետ Պողոսյանն է:
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի պաշտոնի հավակնորդները երեքն են՝ Գուրգեն Մալխասյան, Վիգեն Քոչարյան և Ատոմ Հայրապետյան, իսկ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի պաշտոնում առաջադրվել են Հովհաննես Ավագյանի, Նելլի Բաղդասարյանի և Հայկ Գրիգորյանի թեկնածությունները»։