Մամուլ

22 մլն 500 հազար դրամ` Մեղրիի դիահերձարանի համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Տարեսկզբին լուրեր տարածվեցին, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում չկա մաքսակետ, ոստիկանության բաժին, դիահերձարան, դատարան, կադաստրի կոմիտեի գրասենյակ: Պետական համակարգի աշխատակիցները շտապեցին հերքել այդ լուրերը։ Ամիսներ հետո սկսեցին կառավարության կողմից միլիոնավոր դրամների հատկացումները դիահերձարանի և մաքսատան կառուցման համար։

«Ժողովուրդ» օրաթերթը պետական գնումների կայքից տեղեկացավ, որ այս տարի Մեղրու դիահերձարանի շենքի կառուցման նախագծանախահաշվարկային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման համար առողջապահության նախարարությունը հատկացրել է 22 մլն 500 հազար դրամ։

Մեղրու տարածաշրջանում շուրջ 2 տարի է դիահերձարան չի գործում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկության՝ հրդեհ է բռնկվել և դրանից հետո այլևս չի վերանորոգվել: Բնակիչները ստիպված դիակը տեղափոխում են Կապան՝ դիահերձում իրականացնելու համար, իսկ եթե նկատի ունենանք, որ ձմեռը Մեղրի-Կապան ճանապարհը կարող է անանցանելի լինել, հասկանալի է, թե ինչ դժվար կացության մեջ են հայտնվում բնակիչները, որոնք կորցրել են իրենց ընտանիքի անդամին, բարեկամին: Նման իրավիճակ չի եղել անհիշելի ժամանակներից:

Բնակիչները բազմաթիվ անգամ դժգոհել են ստեղծված իրավիճակից և, ըստ մեր տեղեկությունների, ՀՀ ԱՆ Անահիտ Ավանեսյանը Մեղրու տարածք այցի ժամանակ այդ բողոքները «խլացնելու» համար հրահանգել է դիակները շտապօգնության ավտոմեքենայով անվճար տեղափոխել Կապան:

Մենք ուսումնասիրեցինք ՀՀ ԱՆ պաշտոնական կայքի «Հրապարակային Օֆերտա» դարանը, որտեղ տեղադրված են պետական պատվերի ծառայությունների գները: Շտապ օգնության ծառայությունները չեն ենթադրում «Դիակի տեղափոխում»:

Ստացվում է, որ, ըստ իրավիճակի, նախարարը հանձնարարել է իրականացնել դիակի տեղափոխում Կապան և շտապօգնության մեքենայի վերադարձ, սակայն սույն ծառայության համար անհրաժեշտ իրավական կարգավորումներ չի իրականացրել: Որպես օրինակ՝ ներկայացնենք, որ Երևան քաղաքում դիակի տեղափոխումը վճարովի է: Մեղրի-Կապան հեռավորությունը շուրջ 80 կմ է և անցնում է լեռնանցքով:

Հարկ է նշել, որ Մեղրու մաքսատան համար էլ հատկացվել են 21 մլն եվրո վարկային և դրամաշնորհային միջոցներ»։