Մամուլ

Նախկին պատգամավորի որդու ընկերությունից մեծ գնումներ են արվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Միլիարդավոր դրամների պետական գնումներ են արվել ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն՝ Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ից։

2024 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 14-ը «Բիդեք» ՍՊԸ-ի և մի քանի գերատեսչությունների միջև 7 պայմանագիր է կնքվել, այդ թվում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է գրեթե 4 միլիարդ դրամ և ավելի։ Հենց այս ընկերությունն է, որ ստանձնել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարանի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների կատարումը։ Այս ծառայությունը մատուցելու համար Դավիթ Սեդրակյանի ընկերությանը տրամադրվել է 743 մլն ՀՀ դրամ։

Մանրամասնենք, որ Սեդրակյանի «Բիդեք» ՍՊԸ-ի և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագիրն արժեցել է 844 մլն 937 հազար դրամ, նպատակը՝ ««ՀԱԷԿ» ՓԲԸ կարիքների համար պահեստային ճգնաժամային կենտրոնի կառուցման աշխատանքներ»։

«Բիդեք» ՍՊԸ-ի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև կնքված պայմանագրի արժեքը կազմել է 431 մլն 980 հազար դրամ, նպատակը՝ «կրթական օբյեկտների հիմնանորոգում (Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանի հիմնանորոգման 2024 թ. աշխատանքներ)»։

«Բիդեք» ՍՊԸ-ի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի միջև կնքված պայմանագրի արժեքը կազմել է 9 մլրդ 410 մլն դրամ, նպատակը՝ «ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքի» մատուցում։

«Բիդեք» ՍՊԸ-ի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև կնքված պայմանագիրն արժեցել է 438 մլն 822 հազար դրամ, նպատակը՝ «կամուրջի հիմնանորոգման աշխատանքների» մատուցում։

«Բիդեք» ՍՊԸ-ի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև կնքված պայմանագիրն արժեցել է 2 մլրդ 964 մլն դրամ, նպատակը՝ «ՀՀ Արագածոտնի մարզի ք. Աշտարակի Վ. Պետրոսյանի անվ. հիմն. դպրոցի կառուցման աշխատանքների» մատուցում։

«Բիդեք» ՍՊԸ-ի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև կնքված մյուս պայմանագրի արժեքը կազմել է 1 մլրդ 91 մլն դրամ, նպատակը՝ «ՀՀ Արարատի մարզի Լուսաշող բնակավայրի կրթահամալիրի կառուցման» աշխատանքների» մատուցում»։