«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ առողջապահության նախարարության կողմից 2023 թվականի սկզբին հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետությունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը հետաձգվել է մինչև 2027 թվական։
Առողջապահության նախարարության կողմից մշակված առողջության համապարփակ ապահովագրության այս նախագիծը ենթադրում է ապահովագրություն, որը նախատեսվում է իրականացնել հիմնադրամի միջոցով, որն էլ ստեղծվելու է պետական ձևաչափով։
Նախագծի հայեցակարգն ուղարկվել է ֆինանսների նախարարություն, սակայն այս կետում սառել է։
Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ օրեր առաջ՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում կատարված աշխատանքների ու բարեփոխումների քննարկման ընթացքում, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խոսել է առողջապահության համապարփակ ապահովագրության մասին։ Մասնավորապես, նշել է, որ այն պետք է իրականացվի մասնավոր ընկերության կողմից, այնինչ առողջապահության նախարարությունը հիմնադրամի ձևավորման կողմնակիցն է։
Հենց այս պատճառով գրեթե 60 մլն դրամով՝ 25%-ով, կրճատվել են առողջապահության նախարարությանը տրամադրվող ֆինանսները։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ֆինանսների նախարարություն հետևյալ հարցադրումներով.
§ Արդյոք նման քննարկում եղե՞լ է։
§ Ի՞նչն է եղել պատճառը, որ ֆինանսների նախարարը հիմնադրամի ձևավորմանը կողմնակից չէ։
§ Ճի՞շտ է, որ առողջապահության համապարփակ ապահովագրության գործընթացը հետաձգվել է մինչև 2027 թվական։
«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնողի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, անցկացվել է աշխատանքային փակ քննարկման ձևաչափով: Նիստի վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկատվությունը հրապարակվել է: Չհրապարակված հարցերը աշխատանքային փակ հանդիպման մաս են կազմում և լուսաբանման ենթակա չեն:
Ի հավելումն վերոբերյալի` նշեմ, որ ֆինանսների նախարարությունը երբևիցե հիմնադրամի ձևավորման մասնավոր կամ պետական լինելու վերաբերյալ մեկնաբանություն չի տվել», – ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության պատասխանում։
Առողջապահության նախարարությունն էլ իր հերթին անորոշության մեջ է. «Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգը մեր կողմից մշակվել և մի քանի անգամ լրամշակվել է, ներկայացվել է ֆինանսերի նախարարություն։ Միջաժամկետ ծախսերով ապահովագրությունը նախատեսված էր եղել։ 2025 թվականի բյուջեի նախագծում այն արտահայտված չէ։ ԱԺ-ում դեռևս կլինեն քննարկումներ, կհասկանանք։ Այս պահին սա կարող եմ ասել», – փոխանցեցին առողջապահության նախարարությունից»։