«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործը մակագրվել է դատավոր Սարգիս Ռաֆիկի Պետրոսյանին:
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է դատավորի ունեցվածքը և նկատել, որ 2011 թվականին ժառանգությամբ Պետրոսյանին է փոխանցվել 3 անշարժ գույք՝ 2 հողամաս և 1 Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված շինություն Շիրակի մարզի Արթիկ համայնքում։ Եվս մեկ հողամաս նույն տարում դատավորը գնել է։
2019 թվականին դատավոր Պետրոսյանը ձեռք է բերել 2010 թվականի արտադրության MITSUBISHI մակնիշի մեքենա։
2023 թվականի հաշվետու տարվա վերջին դատավորի կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 հազար դոլար, 17 մլն դրամ և 1,5 մլն դրամ։
Դատավորի՝ 2023 թվականի հաշվետու տարվա եկամուտը ՀՀ դատախազությունից կազմել է 9 մլն 239 հազար դրամ։
2022 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի համաձայն՝ Սարգիս Պետրոսյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 33 մլն դրամ, որից գրեթե 26 մլն դրամը վարկ է։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ» բաժնից հասկանում ենք, որ Պետրոսյանը ձեռք է բերել հիփոթեքով բնակարան, որի մայր գումարի մնացորդը կազմել է 25 մլն դրամ։
2022 թվականին բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար ՀՀ ֆինանսների նախարարությունից եկամտահարկի վերադարձի օրենքով ստացել է 433 հազար դրամ, սակայն 2023 թվականին որևէ գումար չի ստացել»։