Մամուլ

Ի՞նչ է հայտարարագրել պատգամավոր Մարիա Կարապետյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը իր անշարժ գույքի, շահերի և ծախսերի հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 28-ին, որտեղ հայտարարագրել է Արաբկիր վարչական շրջանում միանձնյա սեփականության իրավունքով և գնման եղանակով ձեռք բերված բնակարան. գնումը եղել է 2010 թվականին: Հաշվետու տարվա վերջում գույքը պահպանվել է:

Պատգամավորը հաշվետու տարում տրանսպորտային միջոց չի հայտարարագրել:

Մարիա Կարապետյանի բանկային հաշիվների մնացորդները տարբեր են. դրանցից մեկը հաշվետու տարվա սկզբում զրոյական վիճակում է եղել, որը տարվա վերջում դարձել է 1 մլն 272 հազար դրամ, մյուսը տարեսկզբին կազմել է 42.25 դոլար, ինչը տարվա վերջում զրոյացվել է, մեկ այլ բանկային հաշվի մնացորդը տարվա սկզբում կազմել է 764 դրամ, իսկ տարվա վերջում դարձել է 80 հազար դրամ, հաջորդը տարվա սկզբում կազմել է 332 հազար դրամ, իսկ տարվա վերջում զրոյացվել է: 10 եվրոն նույնպես տարեվերջին զրոյացվել է, իսկ 44.55 լարին պահպանվել է նույն կերպով:

Նրա կանխիկ գումարը տարվա սկզբում կազմել է 30 հազար դրամ, ինչը պահպանվել է տարվա վերջում:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 10 մլն դրամ, որը նրա աշխատանքի վարձատրությունն է»: