«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քաղաքական իշխանությունը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամի փնտրտուքի մեջ է և թեկնածուին փորձում է գտնել փաստաբանական համայնքից։ Մասնավորապես, քաղաքական իշխանությունը այն փաստաբանների մեջ է փնտրում ԲԴԽ անդամի, որոնք հիմնականում դատարաններում իշխանության դեմ հայցերն են պաշտպանում:
Ավելին՝ փաստաբաններից մեկի մասով ակտիվ քննարկումներ են ընթացել, բայց դեռ վերջնական որոշում չկա. իսկ ԲԴԽ գիտնական անդամի տեղը խորհրդում 2 ամիս է, ինչ դատարակ է։
Հիշեցնենք, որ Վիգեն Քոչարյանի լիազորությունների ժամկետն ավարտվել է բոլորովին վերջերս՝ հունիսի 25-ին՝ պաշտոնավարման հինգ տարին լրանալու հիմքով։ Եվ անցնող 5 տարիներին, քանի որ Վիգեն Քոչարյանը ԲԴԽ-ում պաշտոնավարել է քաղաքական իշխանությանը չհակադրվելու, այլ ծառայություն մատուցելու սկզբունքներով, հիմա առավել մեծ հավակնություններ ունի։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել է, որ ԲԴԽ նախկին անդամ Վիգեն Քոչարյանը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու է դարձել»։