«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր լրանում է Արցախի Հանրապետության տոտալ հայաթափման, բռնի տեղահանության, էթնիկ զտման մեկ տարին: 2023 թվականի այս օրը՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սկսվեց, ինչի հետևանքով Արցախի հայ ազգաբնակչությունը էթնիկ զտման ենթարկվեց, և շուրջ 120 հազար արցախցի ստիպված լքեց իր հայրենիքը՝ տարիներով պահած իրենց ապրուստը թողնելով թշնամուն:
Իսկ ի՞նչ իրավիճակ է Արցախի նկատմամբ հարձակումից մեկ տարի անց. ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախ, ապօրինի կալանավորված ռազմաքաղաքական ղեկավարներ և քաղաքացիներ թշնամու բանտերում, ապագայի հույս փնտրող, իրենց հանապազօրյա հացի համար պայքարող ու հայրենիքի կարոտով ապրող արցախցիներ»։