Մամուլ

Ձերբակալություններ Վանաձորում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ երեկ ձերբակալություններ են տեղի ունեցել Լոռու մարզում։ Նախնական տեղեկություններով՝ կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել են Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետական բաժնի ղեկավարը և Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի մի շարք աշխատակիցներ, նաև՝ տնօրենը։ Խոսքը մոտ 10 անձի մասին է: Ֆաբրիկայի տնօրենը Բագրատ Դարբինյանն է։ Հակակոռուպցիոն կոմիտեից մեր հարցին ի պատասխան չհերքեցին փաստը, միայն փոխանցեցին, որ այս պահին մեկնաբանություն չունեն։

Վանաձորի քաղաքապետարանից տեղեկացանք, որ առավոտյան անսպասելիորեն քաղաքապետարան են ժամանել ԱԱԾ աշխատակիցներ և իրենց հետ տարել են ճարտարապետական բաժնի պետ Սուրեն Աբովյանին: Ի դեպ, նա Մամիկոն Ասլանյանի նշանակած կադրն է և անցնում է նաև Ասլանյանի քրեական գործով: Մեզ ասացին, որ համատիրությունից դրական բնութագիր են ներկայացրել Աբովյանի վերաբերյալ, որպեսզի կալանք չկիրառվի»։