«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործը հակակոռուպցիոն դատարանի վերջնական փուլում է. առաջիկայում ճառով հանդես է գալու մեղադրող դատախազը:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Ռուբեն Վարդազարյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ հարցաքննության հրավիրելու ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանին, նախկին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և այլ անձանց, սակայն դատարանը մերժել է` պատճառաբանելով, թե նրանք մեղադրանքի հետ կապ չունեն:
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Վարդազարյանը, ըստ մեղադրանքի, 2019 թվականի հուլիսի 19-ից զբաղեցնելով ԲԴԽ նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող, միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը»: