Մամուլ

«Ֆազ»–ին ազատ արձակելու համար կալանավորված դատավորի հարցը հասել է ՄԻԵԴ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանին՝ Ֆազին ազատ արձակելու համար կալանավորված և դատական քաշքշուկների մեջ հայտնված դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հարցը հասել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իր նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման հարցով դատավոր Ալեքսանյանը դիմում է ներկայացրել ՄԻԵԴ։

Նշենք, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից մեկի վարույթում գտնվող քրեական վարույթով՝ իր եղբոր ընկերոջ և իր մտերիմ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունն իրեն մակագրելու, ապա այն բավարարելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։

Ըստ ԱԱԾ-ի առաջադրած մեղադրանքի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, ի վերջո, մեղադրյալ Սերգեյ Գրիգորյանի կալանքը փոխարինել էր գրավով։

Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ Սերգեյ Գրիգորյանը բոլորին հայտնի Ֆազն է, որին սպանեցին այս տարվա հունիսի 11-ին, և գործի մեղադրանքով այսօր կալանավորված է Ռուստամ Ստեփանյանը՝ Չաղ Ռուստամը»: