Մամուլ

ԵՄ անդամակցության թեմայով արևմտամետների ստորագրահավաքը հետաձգվում է․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի արևմտամետ ուժերից ձևավորված «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ի նախաձեռնած Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով ստորագրահավաքը կրկին հետաձգվում է:

Չնայած անցած շաբաթ Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը մեզ ասաց, որ օգոստոսի կեսերին սկսում են, սակայն հարթակն օրերս հայտարարեց, որ գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի կեսերին։

Թեև նախաձեռնող խումբն արդեն ձևավորվել է և կազմից լիազոր ներկայացուցիչ է ընտրել արդարադատության նախկին նախարար, Երևանի ավագանու, Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանին, ով հանդես է գալու ԿԸՀ-ում, իսկ  ստորագրահավաքից հետո՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, ներկայացնելով նախագիծը։

Տեղեկություն կա, որ հարթակում այս օրերին բուռն քննարկումներ են գնում ընդհանրապես ստորագրահավաքի նպատակահարմարության վերաբերյալ»: