Մամուլ

«Աթենք»-ն չի լուծել քաղաքացու խնդիրը. մարդիկ անքուն գիշերներ են անցկացնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Աթենք» ընկերությունը, թեև խոստացել էր լուծել քաղաքացու խնդիրը՝ ապագայում նոր գործարան կառուցել, սակայն տեսանելի ոչինչ չի անում այդ ուղղությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը օգոստոսի 13-ին գրել էր, որ «Աթենք» ՍՊԸ-ն դատարանում պարտվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին:

Պաշտոնական աղբյուրներից՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել էր, որ քաղաքացի Ալինա Խուդոյանը բողոք է ներկայացրել այն մասին, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր թաղամասի 59/1 հասցեում գործող «Աթենք» մսամթերքի գործարանի սարքավորումների աշխատանքի հետևանքով առաջացող աղմուկը թափանցում է բնակարան և խանգարում իր ընտանիքի գիշերային անդորրը:

Իրականացված զննության արդյունքում պարզվել է, որ «Աթենքի» գործունեության հետևանքով իրապես կարող է դիմումատուի բնակարանում աղմուկ լինել. դա հաստատվել է նաև պաշտոնական չափման արդյունքում: ՀՀ առողջապահական աշխատանքի տեսչական մարմինը որոշել է «Աթենք» ՍՊ ընկերությանը՝ ի դեմս տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանի, կարգադրել 15-օրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ ապահովելով սանիտարական նորմերով սահմանված պահանջները: Սակայն «Աթենք» ՍՊԸ-ն համամիտ չի եղել տեսչական մարմնի որոշման հետ և բողոքարկել է ակտը դատարանում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տևական ժամանակ ընթացող դատական պրոցեսների արդյունքում «Աթենք» ՍՊ ընկերությունը պարտվել է դատարանում։ Մենք փորձեցինք կապ հաստատել «Աթենք» ՍՊԸ-ի հետ, սակայն մեր բոլոր հեռախոսազանգերը մնացին անպատասխան, և չկարողացանք պարզել, թե աղմուկից դժգոհող քաղաքացու հարցերը ինչպես են լուծվել։

Տևական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը փորձում է ընկերությունից խնդրի մասով մեկնաբանություն ստանալ, սակայն ՍՊԸ-ից պարզաբանում ստանալ չի հաջողվում: Այնուամենայնիվ հետևողական կլինենք»: