Մամուլ

Դատարաններում առեղծվածները շարունակվում են. «Քանաքեռցի Տույի» գործով մարդիկ են կալանքից ազատվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Քանաքեռցի Տույի» սպանության գործով դատարաններում առեղծվածները շարունակվում են։

Դատարաններն ինչ-որ զարմանալի հանդուրժողականությամբ կալանքներից ազատում են երեք անձի սպանություն կատարած անձանց։

Մասնավորապես, «Ժողովուրդ»-ը նախկինում արդեն տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը 2 անգամ կալանքից ազատել և տնային կալանք խափանման միջոց է կիրառել խմբի կազմում ապօրինի ձեռք բերած և պահած, ինքնաձիգերով 3 անձի սպանություն կատարելու մեջ մեղադրվող Հովհաննես Սիմոնյանին։

Ընդ որում, առաջին անգամ կալանքը վերացնելուց հետո` դատախազի և տուժողի կողմից ներկայացրած բողոքների հիման վրա Վերաքննիչ դատարանը բեկանել էր այդ որոշումը և կրկին կալանավորել էր մեղադրյալին։

Սակայն, դա դատավոր Մանվել Շահվերդյանին չէր խանգարել, որ ի հեճուկս Վերաքննիչ դատարանի այս որոշման` ևս մեկ անգամ վերացնի Հովհաննես Սիմոնյանի կալանքը։

Իհարկե, այդ որոշման դեմ դատախազը և տուժող կողմը կրկին բողոք էին ներկայացրել, և վերաքննիչ դատարանը կրկին բեկանել էր այդ որոշումը։

Դատարանների գործունեությանը ծանոթ յուրաքանչյուր անձ միանգամից կասի, որ նման ծանրության հանցագործությունների դեպքում և նման իրավիճակում մեղադրյալի նկատմամբ տնային կալանք կիրառելու մասին դատավոր Մանվել Շահվերդյանի որոշումը շատ տարօրինակ է` հաշվի առնելով, որ դրանից առավել մեղմ հանցագործությունների պարագայում դատարանները, այդ թվում` հենց դատավոր Մանվել Շահվերդյանը, տնային կալանք չեն կիրառում, իսկ այս դեպքում, բավարար չէ, որ մեկ անգամ կիրառել է, նաև վերաքննիչ դատարանի կողմից, այդ որոշումը բեկանելուց 6 ամիս անց, դատավոր Մանվել Շահվերդյանը կրկին Հովհաննես Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառել տնային կալանքը:

​Բայց դրանով առեղծվածները չեն ավարտվում։

«Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ հիմա էլ դատավոր Էդուարդ Մկրտչյանն է կալանքից ազատել և որպես խափանման միջոց` տնային կալանք կիրառել «Քանաքեռցի Տույի» և նրա 2 ընկերների սպանության մեջ մեղադրվող Տիգրան Հարությունյանի նկատմամբ, ով 6 ամիս փախուստի մեջ էր գտնվում, և նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված։ Հենց այդ պատճառով էլ նրա վերաբերյալ քրգործը առանձին վարույթում է քննվում։

Ընդ որում, ամենահետաքրքիրը հենց այն է, որ կալանքը տնային կալանքով փոխելու որոշումը դատավորը պատճառաբանել է այն հանգամանքով, որ ոստիկանության՝ կալանավորներին դատարան տեղափոխող ստորաբաժանման աշխատակիցները կալանավորված Տիգրան Հարությունյանին մի քանի անգամ դատարան չեն տեղափոխել կամ նախատեսված նիստի ժամից ուշ են տեղափոխել։

Ստացվում է, որ եթե ինչ-որ պատճառով կալանավորը չի տեղափոխում դատարան կամ ուշ է տեղափոխում, ապա դատավորը նրան պետք է ազատ արձակի կալանքից։ Բայց այլ գործերով, նման ազատումներ չեն լինում:

Մնում է հասկանալ, թե այս ինչ անտեսանելի ձեռք է միջամտում այս գործին, որ տարբեր դատավորներ նման հանդուրժող վերաբերմունք ունեն 3 անձանց սպանության մեջ մեղադրվողների նկատմամբ»: