«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Վահե Դոլմազյանը, ով քննում է ամենասկանդալային քրեական գործերը, դատավորի պաշտոնին նշանակվել է 2022 թվականին։ Մինչ այդ Դոլմազյանը եղել է Լոռու մարզի դատախազի տեղակալ։
Ըստ 2024 թվականի` գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի` Դոլմազյանը հայտարարագրել է 3 անշարժ գույք, 1 բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում` Վանաձոր քաղաքում, որը 2008-ին է ժառանգություն ստացել, 1 ավտոտնակ կրկին Վանաձորում՝ 1 մլն 990 հազար դրամ արժողությամբ, որը գնել է 2022 թվականին:
Դատավորը 2021 թվականին միանձնյա իրավունքով ձեռք է բերել հողամաս Վանաձոր քաղաքում:
Դոլմազյանը հայտարարագրել է ևս մեկ բնակարան, որը փաստաթղթերով, կամ փաստացի, իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է նրա կողմից. բնակարանը գտնվում է Երևանում։
Դոլմազյանը 2019 թվականին ձեռք է բերել բավականին հին՝ 1997 թվականի արտադրության Mercedes Benz մակնիշի մեքենա։
Դատավորի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1․3 մլն դրամ, որը հաշվետու տարվա համեմատ աճել է գրեթե 2 անգամ:
Կանխիկ դրամական միջոցները կազմել են 220 հազար դրամ, որը տարեսկզբի համեմատ ավելացել է 70 հազար դրամով։
Դատավորն անցած տարվա ընթացքում 18 մլն 625 հազար դրամ եկամուտ է ստացել աշխատավարձի տեսքով: Եկամուտներից 17 մլն 419 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի դատական դեպարտամենտից։
Դոլմազյանը նույն ԲԴԽ դատական դեպարտամենտից ստացել է նաև այլ եկամուտ` ևս 1․2 մլն դրամ, որը, պարզ չէ, ինչ ծառայության համար է։
Արդարադատության ակադեմիայից քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացել է 6 հազար դրամ։
2021 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի համաձայն` Վահե Դոլմազյանի աշխատանքի վարձատրությունը Լոռու մարզի դատախազի տեղակալ եղած ժամանակ կազմել է ընդամենը 7․9 մլն դրամ, ինչը 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագրում ներկայացված` Հակակոռուպցիոն դատարանի դատավորի աշխատանքի վարձատրության համեմատ ավելի է գրեթե 10 մլն դրամով։
Դատավորը նաև ունի վարկ, դեկտեմբերի 31-ի դրությամբ այն կազմել է 4 մլն 255 հազար դրամ»։