Մամուլ

Ընդդիմությունը հանդես կգա նոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Խորհրդարանական ընդդիմությունը սեպտեմբերին հանդես կգա ԱԺ նոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: Հերթական քննիչ հանձնաժողովը զբաղվելու է հունիսի 12-ին ԱԺ բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանների գործողությունների ուսումնասիրությամբ:

Հիշեցնենք, որ ընդդիմության հավաքի ժամանակ ուժայինները կիրառել էին հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ, անգամ՝ «Զարյա 3» տեսակի արգելված հատուկ միջոցը: Դրանից ընդամենը օրեր անց՝ հունիսի 26-ին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «հանկարծ» որոշում կայացրեց՝ մաքրագրելով հանցանքը: Նա փոխեց «Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները հաստատելու մասին» հրամանն ու «Զարյա 3»-ի կիրառումը ներառեց թույլատրելի հատուկ միջոցների շարքում։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների հաղորդմամբ՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասով դիմումը արդեն մշակման փուլում է, ԱԺ աշնանային նստաշրջանի սկզբին այն կներկայացվի խորհրդարան: Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն՝ «Քննիչ հանձնաժողով կարող է ստեղծվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով՝ իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով»:

Այսինքն՝ ընդդիմությունը կարող է հանդես գալ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, բայց նախագիծը հաստատելու համար անհրաժեշտ է լինելու նաև իշխող ուժի ձայնը:

ՔՊ-ն կարող է չհաստատել հանձնաժողովի կազմը, չներկայացնել հանձնաժողովում ներկայացուցիչ՝ տապալելով դրա ստեղծումը»։