Մամուլ

ԼՂ ՊԲ վերջին հրամանատարը՝ Սուրեն Պապիկյանի խորհրդական․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական: Այս մասին մեզ հետ զրույցում հաստատեց հենց ինքը՝ Կամո Վարդանյանը (Թիվ մականունով):

Հիշեցնենք, որ 2020 թվականի պատերազմի ավարտից մեկ տարի հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ սեպտեմբերի 11-ին գեներալ-մայոր Կամո Վարդանյանը նշանակվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար:

«Ժողովուրդ» օրաթերթը Կամո Վարդանյանին հարց ուղղեց այն մասին, որ, լինելով ՊԲ վերջին հրամանատար, հայրենիքը հանձնելուց հետո ինչպես է նոր պաշտոն ստացել, ինչին նա արձագանքել է. «Պարոն Վարդանյանը մնացել է ՊԲ-ում՝ մինչև ՊԲ-ից վերջին մարդիկ դուրս գան, զոհված, անհետ կորած զինծառայողների որոնումներ անեն։ Ինչ հանգամանքներում դուրս եկա՞վ….Այդպես դուրս եկավ»:

Մեր պնդմանը, որ պաշտոնն ավելի թանկ է, քան հայրենիքը չհանձնելը, նա նշեց. «Կամո Վարդանյանը պատահական է ողջ մնացել, ոչ միայն վերջին` այլև բոլոր պատերազմներում, այսքանը»: