Մամուլ

30 տարի առաջ այս օրը լույս տեսավ «Առավոտ» օրաթերթը

Այսօր «Առավոտ» օրաթերթի 30-ամյակն է. 1994թ. այս օրը՝  օգոստոսի 2-ին, լույս տեսավ «Առավոտ» օրաթերթի առաջին համարը։ Առաջին խմբագիրը Իգնատ Մամյանն էր, իսկ արդեն դեկտեմբերից առ այսօր թերթի գլխավոր խմբագիրն Արամ Աբրահամյանն է։

«Երբ Վանո Սիրադեղյանը 1994թ. աշնանը՝ հոկտեմբերին, ինձ առաջարկեց թերթի խմբագիրը լինել, ճիշտն ասած, ինչպես այն ժամանակ այնպես էլ հիմա, շեֆ չեմ ուզում լինել»,- այսպես է պատմում Արամ Աբրահամյանը՝ հավելելով, որ ինքը ցանկացել է լինել «սպիտակ ագռավ», ու այդպես էլ ղեկավարել է թերթը։

Նորանկախ Հայաստանում, այն էլ՝ պատերազմից հետո դժվար էր լրատվամիջոց պահելը, կայացնելը։ Սակայն «Առավոտ»-ը դիմացավ մարտահրավերներին, գրեթե անընդմեջ լույս տեսնելով և ընթերցողներին ներկայանալով այսպես 30 տարի շարունակ։

Այսօր, ժամանակին համընթաց, «Առավոտ»-ը լսարանին ներկայանում է ոչ միայն որպես օրաթերթ, որպես տպագիր մամուլ, այլ ունի իր առցանց տարբերակը՝ aravot.am կայքը։ Սակայն «Առավոտ»-ը բոլորի մոտ առաջինը որպես թերթ է պատկերվում։

Այս 30 տարիների ընթացքում «Առավոտ» օրաթերթը մշտապես առանձնացել է ուրույն ձեռագրով, լրագրողական սկզբունքներին նվիրվածությամբ, համապատասխան հետք թողնելով հայկական լրագրության մեջ։