«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս տարվա փետրվարի 1-ին ՌԴ դրոշի ատրիբուտները պղծող ՀՀ քաղաքացի Սամվել Շիրինյանի գործով դատարանը վճիռ է կայացրել:
Սամվել Շիրինյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկումը` 1 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ Սամվել Շիրինյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով:
Ինչպես հայտնի է` Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ Երևանում Լենինգրադի պաշարման ժամանակ զոհված երեխաների հիշատակին նվիրված հուշակոթողի նկատմամբ անհարգալից միջադեպի գործով։
«Ազգամիջյան ատելություն հրահրելը և բռնության կոչերը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի դեպքերի հիման վրա, անընդունելի են։ Տեղի ունեցածի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Պարզվել էր, որ հունվարի 27-ին քաղաքացի Սամվել Շիրինյանը ցուցադրաբար պոկել և տրորել է Ռուսաստանի Դաշնության դրոշը խորհրդանշող ժապավենները, տապալել է ծաղկեպսակները՝ այդ ամենն ուղեկցելով Ռուսաստանի հասցեին վիրավորական մեկնաբանություններով և իր գործողությունը Tik Tok սոցիալական ցանցում տեղադրելով»,- գրել էր նա:
ArmLur.am-ը հայտնել էր, որ Սամվել Շիրինյանը հայտնաբերվել էր Բագրատաշենի անցակետից. նա ցանկացել էր հատել ՀՀ սահմանը, սակայն իրավապահները կարողացել էին կանխել նրա փախուստը»: