«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ նոր Սահմանադրության նախագծի շուրջ ակտիվ քննարկումները շարունակվում են: Երեկ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հերթական նիստն է արել, որին մասնակցել են արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի՝ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և խորհրդի այլ անդամներ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը վստահեցրել է. «Նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրի հղումը հանել-չհանելու հարց մինչև օրս չի քննարկվել»: Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն առաջարկում է հրաժարվել ընտրություններից հետո խորհրդարանում կայուն մեծամասնություն ձևավորելու սահմանադրական պահանջից: ՀՀ նոր Սահմանադրության նախագծի հիմնական դրույթներից մեկն էլ հենց «կայուն մեծամասնության» վերաբերյալ հոդվածից հրաժարվելն է: Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով, և ընտրական օրենսգրքով երաշխավորվում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը՝ տեղերի 54%-ը:
Օրենսդրության համաձայն, եթե ընտրությունների արդյունքում կամ քաղաքական կոալիցիայի ձևավորման միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է ընտրությունների երկրորդ փուլ անցկացվել: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը մշակել է հայեցակարգ, որով առաջարկվում է պահպանել կառավարման խորհրդարանական մոդելը, բայց հանել կայուն մեծամասնության հոդվածը և ներդնել սովորական՝ համամասնական ընտրակարգ, որտեղ ընտրությունների երկրորդ փուլ չի նախատեսվում։ Ի դեպ, Երևանում հուլիսի 1-ին՝ Ժողովրդավարության հայկական երրորդ համաժողովի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՔՊ-ն ևս կողմ է կայուն մեծամասնություն ձևավորելու պահանջից հրաժարվելուն: Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ նոր Սահմանադրության ընդունումը 2027 թվականից շուտ չի լինելու, քանի որ այս գործընթացը դեռ անցնելու երկար փուլեր ունի. նախ ԱԺ-ում պետք է քննարկվի, այնուհետև դրվի հանրաքվեի»։