«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջին շրջանում՝ տուրիստական սեզոնի ակտիվացմանը զուգահեռ, բացի դեսպանատներից՝ հանգստի մեկնողների համար ահռելի խնդիրներ են առաջացրել ՀՀ անձնագրային կետերը։ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը քաղաքացիներից բազմաթիվ ահազանգներ է ստանում առ այն, որ Երևանի անձնագրային կետերում, որտեղ հերթագրման համակարգ է գործում, ամիսներով տեղեր չկան՝ դիմումներ ընդունելու և անձնագրեր փոխելու։
Ստացվում է, որ նոր ներդրված էլեկտրոնային համակարգն իրեն չի արդարացրել։
Երևանում իրենց հերթին անհույս սպասող հանգստի մեկնողների այլընտրանք դառնում են մարզային անձնագրային կետերը, սակայն այստեղ խնդիրն այլ է. մարզերում չեն գործում էլեկտրոնային հերթագրման համակարգեր։ Բացի սրանից՝ մեծ խնդիր է առաջացրել անձնագրայինների միացման հարցը, օրինակ՝ Չարենցավանի անձնագրայինի միացումը Հրազդան քաղաքի անձնագրայինին։
Դիցուք՝ անձնագրային մի կետում օրական գրանցման քանակը 50-ն է, 50 տեղի լրանալուց հետո՝ քաղաքացիներն այլևս հերթի մասնակից դառնալու հույս չունեն։
Քաղաքացիներից մեկը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «էջմիածնում է այլանդակություն, Աբովյանում, Հրազդանում, Երևանի ցանկացած անձնագրային մտեք, այլանդակություն է. ահավոր վիճակ է, սրանք, աչքը սարքելու փոխարեն, ունքն են հանել»:
Ստացվում է՝ սա ևս մեկ ոլորտ է, որում բարեփոխումները արդյունք չեն տվել։
«Ժողովուրդ» օրաթերթի բազմաթիվ զանգերին ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը չպատասխանեց։
Ոլորտը քաոսում է, իսկ ղեկավար մարմինները դափնիների վրա են հանգստանում»: