«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան մեր իշխանությունը շատ է խոսում դեպի Եվրոպա գնալու մասին, այնքան դժվարանում է ՀՀ քաղաքացիների համար Շենգեն-վիզաներ` ԵՄ երկրներ մուտքի արտոնագիր ստանալը:
Մարդիկ հերթագրվում են որևէ արևմտյան դեսպանություն մտնելու համար և ամիսներով սպասում, որ մտնեն ու մերժում ստանան: Օրինակ, Գերմանիայի դեսպանություն այս օրերին մտնում են 2023-ի դեկտեմբերին հերթագրվածները:
Դեսպանությունում էլ նրանք հերթ են կանգնում, տասնյակ փաստաթղթեր ներկայացնում, տեղեկանքներ, բանկային հաշվից քաղվածք և 15 հազար դրամ վճարում տեղում:
Ապա հյուպատոսության թղթերն ընդունող աշխատակիցը մանրակրկիտ հարցուփորձ է անում` ո՞ւր եք գնում, ինչո՞ւ, իսկ ինչո՞ւ հենց այդ քաղաքը, այլ ոչ թե մեկ ուրիշը: 2 շաբաթ անց մարդը կրկին գնում է` հերթ կանգնում և անձնագիրը ստանալով` տեսնում, որ Շենգեն վիզան «չեն խփել» կամ ընդամենը 10 օրվա մուտքի թույլտվություն են տվել»։