Մամուլ

ԼՂ–ից տեղահանվածների կուտակային կենսաթոշակների հարցը չի լուծվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կուտակային կենսաթոշակների՝ ամիսներ շարունակ ձգվող հարցը իսկական պատուհաս է դարձել բռնի տեղահանված արցախցիների համար:

2019 թվականից նրանց կուտակած կենսաթոշակային գումարների ճակատագիրն անորոշ է մնում, իսկ պատկան մարմինները տարբեր պատճառաբանություններով ձգձգում են հարցը, ինչի պատճառով բազմաթիվ սոցիալական խնդիրների առջև կանգնած արցախցիները չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք գումարը:

Այսպիսով՝ դեռ այս տարվա սկզբին՝ փետրվար-մարտ ամիսներին, Արցախի խորհրդարանն արտահերթ նիստով համապատասխան փոփոխություններ արեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, որ այն արցախցիները, ովքեր ուզում են շուտ ստանալ իրենց կուտակած միջոցները, կարողանան գումարը վերցնել, երբ իրենց անհրաժեշտ է:

Հայաստանի խորհրդարանն էլ, հունիսի 11-ին հրավիրված արտահերթ նիստերի ժամանակ, ընդունեց օրինագիծ, որով ԼՂ-ի կուտակային համակարգում ձևավորված կենսաթոշակային խնայողությունները տեղափոխվում են ՀՀ-ում գործող կենսաթոշակային ֆոնդեր:

Արցախցիները, սակայն, արդեն տևական ժամանակ է՝ չեն կարողանում ստանալ գումարները, դիմում են տարբեր պատկան մարմինների, սակայն հարցը մեկը մյուսի վրա են գցում:

Ինչպես Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էր հայտնել՝ խոսքն ընդհանուր առմամբ մոտ 17 մլրդ դրամի և մոտ 34,5 հազար շահառուի մասին է։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի պատգամավորները օրերս քննարկում են ունեցել Հայաստանի ընդդիմադիր պատգամավորների հետ, որպեսզի վերջիններս կարողանան խորհրդարանում հարցին լուծում տալ:

Մեզ հետ զրույցում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ պատրաստվում են օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որը կկարգավորի խնդիրը և հնարավորություն կտա արցախցիներին ստանալու իրենց հասանելիք գումարը:

Եթե ՔՊ-ն մերժի այն, ինչը շատ հավանական է, ապա ընդդիմադիրները դիմելու են Սահմանադրական դատարան»: