Մամուլ

Ովքե՞ր են շարժման խոսնակները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Բագրատ սրբազանը, քաղաքական գործիչներից զատ, առանձին փակ հանդիպում ունեցավ նաև հասարակական գործիչների հետ: Հանդիպման մասին իրազեկեցին, սակայն բովանդակության մասին ոչինչ չհայտարարվեց։ Պարզվում է՝ հանդիպման մասնակիցները հենց այն խոսնակներն են, որոնց մասին անցած շաբաթ Սուրբ Աննա եկեղեցու բակում խոսել է սրբազանը։ «Ձևավորել ենք խոսնակների թիմ։ Նրանց շարքում կան մարդիկ, որոնք կարող են անծանոթ լինել շատերին»,- ասել էր նա։

 Մասնակցել են Թևան Պողոսյանը, Նաիրա Զոհրաբյանը, Ռուբեն Մելիքյանը, Կարեն Բեքարյանը և այլք։ Քննարկվել են շարժման մարտավարությունը և խոսնակների դերը:

Արձանագրել են, որ ոլորտային բաժանման անհրաժեշտություն կա, ամեն մեկը պետք է խոսի իրեն վերաբերող մասնագիտական ոլորտի մասին, թիրախային բացահայտումներ անեն, իշխանության ստերը վեր հանեն՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական ու հոգևոր և այլ ոլորտներին վերաբերող։ Սրբազանը բարձր է գնահատել ներկաների մտավոր կարողությունները և հորդորել է ակտիվ ներգրավվել իշխանության դեմ պայքարին՝ կլինի սոցցանցերի միջոցով, մամուլի, թե հեռուստատեսության:

Ասել է, որ պետք է թիրախային աշխատանք տանել, սակայն հստակ հանձնարարականներ չի տվել, նշել է, որ յուրաքանչյուրն ինքը պետք է պատասխանատվություն վերցնի և ակտիվ աշխատանքներ իրականացնի։ Միայն որոշվել է, որ տեղեկատվական դաշտի համակարգումն իրականացնելու է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը»: