«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր և առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, համաձայն 2023 թվականի գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրի` նախորդ տարեսկզբին հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ 3 հողամաս միանձնյա սեփականությամբ և մեկ անհատական բնակելի տուն՝ համատեղ սեփականությամբ։
Տարվա ընթացքում Թորոսյանի կողմից օտարվել է Արագածոտնի մարզի Փարպի գյուղում գտնվող 2 հողամաս, որոնք արժեցել են 7 մլն 800 հազար դրամ։ Պատգամավորի վաճառած հողը գնել է ոմն Կրեկուար Պաննա Նաիմին, որը հայտնվել է 2021 թվականի հարկային տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների ցանկում։
Տարեվերջին, որպես անշարժ գույք, Թորոսյանի հայտարարագրում մնացել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող անհատական բնակելի տունը և 2020 թվականին ձեռք բերած Ծաղկաձոր քաղաքում գտնվող հողամասը։
ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, սակայն, համաձայն ներկայացված տվյալների, շահագործում է սեփականության իրավունքով իրեն չպատկանող, 2015 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի մեքենա։
2010-2011 թվականներին Արսեն Թորոսյանը ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի մոնիթորինգի և գնահատման բաժնի վարիչ է եղել և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: 2011-2015 թվականներին և 2016-2018 թվականներին՝ «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնի տնօրեն: 2018-2021 թվականներին ՀՀ առողջապահության նախարար է եղել, իսկ 2021 թվականի հունվար-հուլիս ամիսներին՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար:
Թորոսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 686 հազար դրամ, 1 355 եվրո և 88 դոլար, կանխիկ դրամական առկա միջոցները տարվա սկզբում կազմել են 12 մլն դրամ, սակայն այն տարեվերջին դարձել է 1 մլն դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները տարեվերջին կազմել են 34 մլն 017 հազար դրամ, որից 9 մլն 755 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, 560 հազար դրամը եկամուտ է՝ ստացված Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։
UniCredit Bank Austria AG միջազգային բանկից Թորոսյանը ստացել է 360 եվրո և նշել է դա որպես «այլ եկամուտ»։ Ի դեպ, UniCredit Bank Austria AG միջազգային բանկի 99,9965%-ը պատկանում է Միլանում գործող համաեվրոպական UniCredit բանկային խմբին:
ՔՊ-ական պատգամավորի եկամտի 15 մլն 750 հազար դրամը վարկ է «Ամերիաբանկ»-ից։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 15 մլն 641 հազար դրամ, որը, ըստ հայտարարագրի, նոր կառուցվող բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
2 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող այլ միանվագ ծախսերի բաժնում Թորոսյանը հայտարարագրել է 20 մլն ծախս»։