Մամուլ

Արդյո՞ք շարժումը նոր թափով կսկսվի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Սյունիք կատարած այցից հետո մտադիր է շարունակել մարզային այցերը: Այժմ քննարկում են Արարատի մարզ գնալու հարցը, քանի որ հաջորդ «զոհը» Տիգրանաշեն համայնքն է՝ «սահմանազատման» գործընթացի անվան տակ այն կարող է անցնել Ադրբեջանին: Իսկ դա նշանակում է, որ վտանգվում է միջպետական ճանապարհը, և կարող է կտրվել ՀՀ «աղջկա պարանոցը»` Սյունիքն ու Վայոց Ձորը։ Նաև շարժման ներսում վերադասավորումներ են ընթանում, մշակում են ժամանակավոր կառավարության ծրագիրը, երկրի զարգացման տեսլականը:

Մեր աղբյուրն ասում է, որ բոլոր ոլորտների վերաբերյալ ծավալուն ծրագրեր են կազմվել` ոլորտային մասնագետների մասնակցությամբ։ Երբ շարժումը կրկին ակտիվանա, այդ ծրագրերը կներկայացվեն հանրությանը։ Շարժման ակտիվը նախատեսում է փողոցը կրկին ակտիվացնել աշնանը, եթե, իհարկե, մինչ այդ ֆորսմաժորային իրավիճակ չստեղծվի: Երեկ էլ սրբազանը հանդիպել է քաղաքական մոտ 2 տասնյակ ուժերի ներկայացուցիչների հետ և ամփոփել կատարվածը, քննարկել առաջիկա անելիքները՝ կրկին իր ոճի մեջ չմանրամասնելով պլանները, միայն վստահեցրել է, որ շարժումը չի մարելու, առաջիկայում նոր թափով է վերսկսվելու»: