«Հրապարակ» թերթը գրում է. «Սուրեն Պետրոսյանի եւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կապը, կարելի է ասել, վերջնականապես խզվել է։ Այս մասին նախօրեին Սուրբ Աննա եկեղեցու բակում գրեթե բաց տեքստով խոստովանել է նաեւ Բագրատ Գալստանյանը՝ ասելով, թե Սուրենի հետ չի հանդիպել:
Բայց հրաժարվել է գնահատականներ տալ երբեմնի զինակցի առեղծվածային անհետացմանը, ապա այդ առիթով նրա ներկայացրած պարզաբանումներին։ Ճշտող հարցին՝ Սուրեն Պետրոսյանը հիմա հանդիսանո՞ւմ է շարժման առաջնորդներից մեկը, սրբազանը պատասխանել էր․ «Կվերադառնա, կխոսենք։ Չեմ կարծում, որ դա այդքան մեծ հարց է»։
Մեզ պատմեցին, որ իրականում Սուրեն Պետրոսյանի նկատմամբ ոչ թե հունիսի 12-ի առեղծվածային առեւանգումից հետո է անվստահություն առաջացել, այլ դեռ Կիրանցից։ Պետրոսյանը, ով մինչ շարժման մեկնարկն էր մեկնել Ոսկեպար-Կիրանց, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ստեղծվելուն պես մեծ ամբիցիաներ է ունեցել, հավակնել լիդերության, սակայն, երբ ընդդիմադիր շարժումը ծավալվել է, այլ քաղաքական գործիչներ էլ են միացել, Պետրոսյանը հասկացել է, որ հետին պլան է մղվում, ու փորձել է աղմկոտ պատմություններով մնալ բոլորի ուշադրության կենտրոնում։
Դիցուք, ամեն ինչ արել է, որ հայտնվի ոստիկանությունում: Հատկապես հաշտ չեն եղել նրա եւ Գառնիկ Դանիելյանի հարաբերությունները, պարբերաբար սուր խոսակցություններ են ունեցել։ Փորձել է կանխել ոմանց հայտնվելը Գալստանյանի կողքին, սակայն դա էլ չի ստացվել»: