«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի հունիսի 20-ին։ Մինչև փոխնախարար դառնալը՝ Պողոսյանը 2019 թվականի մարտից մինչև դեկտեմբեր եղել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականը, ապա 2019-2022 թվականներին՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը։
2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրի համաձայն՝ Պողոսյանը չի հայտարարագրել որևէ անշարժ գույք, սակայն տրանսպորտային միջոցների հարցում շռայլ է գտնվել։ Պողոսյանը 2023 թվականի տարեսկզբին ունեցել է մեկ՝ 1980 թվականի արտադրության VAZ մակնիշի ավտոմեքենա, տվյալ տարվա ընթացքում ձեռք է բերել 2 ավտոմեքենա 2 մլն դրամ արժողությամբ, 2005 թվականի արտադրության, PORSCHE մակնիշի մեքենա և 18 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ 2019 թվականի արտադրության KIA մակնիշի մեքենա, որը ներկրված է եղել ԱՄՆ-ից։ Տվյալ տարվա ընթացքում փոխնախարարը 2 մլն դրամով վաճառել է PORSCHE մակնիշի մեքենան, արդյունքում՝ տարեվերջում ունեցել է 2 մեքենա՝ KIA և VAZ մակնիշների։
Հանձնված և վերադարձված փոխառությունները կազմել են 25 մլն 977 հազար դրամ, որը, ըստ երևույթին հիփոթեք է, քանի որ Պողոսյանը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 3 մլն 160 հազար դրամ եկամուտ, ըստ այդմ՝ այն եկամտահարկի վերադարձի օրենքով է տրվել, սակայն Պողոսյանը ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բաժնում հիփոթեքի մասին ոչինչ չի հայտարարագրել։
Փոխնախարարի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 4 մլն 500 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 15 հազար դոլար։
Փոխնախարար Ավետ Պողոսյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 19 մլն 676 հազար դրամ, որից 2 մլն դրամը մեքենայի վաճառքից գոյացած գումարն է, իսկ 14 մլն 516 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից»։