Մամուլ

Ադրբեջանը փորձում է վնասել Հայաստանի հանքարդյունաբերությանը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանը տարիներ շարունակ, ի թիվս այլ հանցագործությունների, պարբերաբար հարձակումներ է գործում Հայաստանի հանքարդյունաբերության ուղղությամբ՝ նպատակ ունենալով վնասել մեր երկրի տնտեսությանը: Ադրբեջանի կառավարական շրջանակների կողմից վերահսկվող ՀԿ-ների, բնապահպանների, փորձագետների կողմից հատկապես վերջին երկու-երեք տարիների ընթացքում բազմաթիվ կոչեր են հնչել Ամուլսարի հանքի շահագործումը թույլ չտալու, ԶՊՄԿ-ի, Ագարակի կոմբինատի և Արարատի մարզում մետալուրգիական գործարանի կառուցումը դադարեցնելու վերաբերյալ։ Ավելին, կարողացան հասնել նրան, որ Սոթքի բաց հանքի շահագործումը դադարեցվեց, իսկ Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը կասեցվեց և տեղափոխվեց այլ վայր։

Եվ ահա, Զանգելանում անցկացվող Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների համագործակցության ֆորումի երկրորդ օրը տեղի է ունեցել «Հայաստանի հանքարդյունաբերության բնապահպանական հետևանքները» թեմայով քննարկում: Ադրբեջանցի բնապահպաններն ու պետական մարմինների ներկայացուցիչները հերթական մանիպուլ յատիվ մեղադրանքներն են հնչեցրել Հայաստանի դեմ՝ ևս մեկ առիթ օգտագործելով՝ հայտարարելու, թե իբր Հայաստանի հանքարդյունաբերությունը լուրջ վնաս է հասցնում շրջակա միջավայրին: Ավելին, ադրբեջանցիները նշել են, որ թեև Հայաստանի բնական ռեսուրսները բավականին փոքր են, սակայն նրա բաժինը տարածաշրջանում շրջակա միջավայրին հասցված վնասի մեջ մեծ է: Ընդ որում, դա ասվել է մի երկրի ներկայացուցչի կողմից, որի հենց միայն նավթարդյունահանումը տարածաշրջանի բնապահպանության համար ահռելի սպառնալիք է:

Ի դեպ, մեր տեղեկություններով, կոշտ ելույթ է ունեցել բնապահպանության և բնական պաշարների նախարարության հասարակական խորհրդի քարտուղար Ամին Մամեդովը, որն, ի դեպ, Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ հանդես եկած հայկական կազմակերպություններին շնորհակալություն հայտնած Environmental Protection First կոալիցիայի նախաձեռնողն է»: