Մամուլ

Իսրայելի անկախության օրվան նվիրված միջոցառումը չեղարկվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխանությունն ինչպես մեծ շուքով ու ոգևորությամբ 2020 թվականին Իսրայելում ՀՀ դեսպանություն բացեց ու դիվանագիտական հարաբերություններ հաստատեց այդ երկրի հետ, հիմա էլ նույն ջանասիրությամբ փորձում է քանդել Իսրայելի հետ հարաբերությունները:

Նախ իսրայելա-պաղեստինյան գերլարված հարաբերությունների ֆոնին՝ օրեր առաջ Հայաստանը հայտարարեց, որ ճանաչում է Պաղեստինի պետությունը, ինչից հետո Իսրայելի ԱԳՆ-ն խիստ նկատողություն տալու համար զրույցի է կանչել Թել Ավիվում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանին, իսկ Իսրայելի վարչապետի գրասենյակն էլ պաշտոնապես հայտարարեց, որ Պաղեստինի պետականությունը ճանաչելու որոշումը բացասական ազդեցություն կունենա հայ-իսրայելական հարաբերությունների վրա։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ Երևանում, ավելի կոնկրետ՝ «Մարիոթ» հյուրանոցում պետք է Իսրայելի անկախության օրվան նվիրված միջոցառում լիներ, որին հրավիրված էին նաև կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն անակնկալ կերպով չեղարկվել է միջոցառման կայացումը»: