Մամուլ

Դատախազությունը ցանկանում է կալանքի տանել երգիչ Սպիտակցի Հայկոյի որդուն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գլխավոր դատախազությունը խիստ է տրամադրված և ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն՝ Հրաչյա Ղևոնդյանին։ Մեզ հայտնի դարձավ, որ դատախազությունը բողոքարկել է հայտնի երգչի որդու ազատ արձակման որոշումը։

Ինչպես հայտնի է, մայիսի 23-ին Հրաչյա Ղևոնդյանն ազատ էր արձակվել դատական նիստերի դահլիճից. դատարանը, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, մերժել էր նրան կալանավորելու՝ քննիչի միջնորդությունը։

Բանն այն է, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ է կանխել: Իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար մեղադրանք է առաջադրվել հանրությանը «Սպիտակցի Հայկո» անունով հայտնի երգիչ Հայկ Ղևոնդյանի որդուն, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել:

Քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում մի տղամարդ դժգոհում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից. – «Ստեղ մի ելք կա՝ մտնենք կառավարությունը գրավենք, մտնենք Ազգային ժողով՝ գրավենք, մտնենք ոստիկանության շենք՝ գրավենք: Հիմա ես պատրաստ եմ մեռնեմ, ցավդ տանեմ, պիտի կրակեն՝ թող կրակեն, ավելի լավ ա մի 10-20 մարդ մեռնի, բայց, ընկեր, երկիր, պահես»:

Քննչականը պնդում է, թե այս խոսքերի հեղինակը Հրաչյա Ղևոնդյանն է, որը նպատակ է ունեցել մի խումբ անձանց հետ զավթելու իշխանությունը. թե ովքեր են այդ անձինք, իրավապահները դեռ չեն պարզել, բայց, ըստ նախաքննական մարմնի, դիտարկվել էր նաև հանրահավաքին այդ ծրագիրն իրագործելու հարցը:

Ղևոնդյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նրա փաստաբանը հայտարարել էր՝ ձայնագրությունը մոնտաժված է, կոնտեքստից կտրված, իսկ իր պաշտպանյալն իշխանությունը զավթելու որևէ մտադրություն չի ունեցել»: