Մամուլ

Ի՞նչ ունեցվածք ունի գլխավոր բանտապետը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը պաշտոնին նշանակվել է 2023 թվականի դեկտեմբերի 18-ին։

Մինչ այդ զբաղեցրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը։

Ըստ Ամբակում Գրիգորյանի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի 2023 թվականի հայտարարագրի՝ 2022 թվականին Գրիգորյանը ձեռք է բերել 1 բնակարան բազմաբնակարան շենքում և 1 ավտոտնակ, որոնք գտնվում են Երևանում։

Ամբակում Գրիգորյանը 2011 թվականին ձեռք է բերել անհատական բնակելի տուն կրկին Երևան քաղաքում։
Քրեակատարողական ծառայության պետը տրանսպորտային որևէ միջոց չի հայտարարագրել։

Գրիգորյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 617 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 25 մլն դրամ և 10 հազար դոլար։

ՀՀ բանտապետ Ամբակում Գրիգորյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 27 մլն 129 հազար դրամ, որից 11 մլն 451 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։

Ամբակում Գրիգորյանը միասնական սոցիալական ծառայությունից ստանում է կենսաթոշակ, այն տարեկան կազմում է 2 մլն 598 հազար դրամ։

Հաշվետու տարվա եկամուտների բաժնում նկատում ենք, որ Գրիգորյանը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 2 մլն 509 հազար դրամ, որը, ինչպես հասկանում ենք, ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բաժնից, եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է. իսկ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ պետի վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմում է 46 մլն 010 հազար դրամ։

Ամբակում Գրիգորյանը եկամուտ ստացել է նաև վարձակալության հանձնված գույքից, որի վարձավճարը ամբողջ տարվա համար կազմել է 4 մլն 950 հազար դրամ։

Եկամուտներից 5 մլն 500 հազար դրամը 3 տարբեր վարկեր են «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից»։