«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2021 թվականի սեպտեմբերի 8-ից Գեղարքունիքի մարզի մարզպետ նշանակված Կարեն Սարգսյանը 2023 թվականին միանձնյա սեփականությամբ նոր հողամաս է ձեռք բերել Կոտայքի մարզի Ջրվերժ համայնքում, որի արժեքը կազմել է 12 մլն 500 հազար դրամ՝ գրեթե 32 հազար ԱՄՆ դոլար։
Նախկինում Հայաստանում որևէ գույք չունեցող մարզպետը կառավարման 3 տարում 12,5 մլն դրամ արժողությամբ հողամաս է ձեռք բերել, ըստ ամենայնի, օգտագործելով մարզպետի իր հնարավորություններն ու կապերը (մանրամասները կպարզենք):
Կարեն Սարգսյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է նաև դեռ վաղեմի՝ 2013 թվականին Ռուսաստանի Դաշնությունում գնված բազմաբնակարան շենքում գտնվող 1 բնակարան։
Այս բնակարանի ձեռքբերումը համընկել է Սարգսյանի արտագնա աշխատապքի տարիներին՝ 2009-ից 2015 թվականներին, երբ նա էլ շարքային «խոպանչի» էր ՌԴ-ում ու չէր էլ հարկվում հավանաբար։
Նշենք՝ մարզպետ Կարեն Սարգսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 126 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 4 մլն 500 հազար դրամ։
Գեղարքունիքի մարզի նախկին «խոպանչի» մարզպետի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 976 հազար դրամ։
Կարեն Սարգսյանը Թռչուն Սարգսյանից նախորդ տարի ստացել է 700 հազար ռուբլի նվիրատվություն, որ համարժեք է 3 մլն և ավելի դրամի։
Ըստ մարզպետի կենսագրության՝ նախկին մարզական լրագրող Կարեն Սարգսյանն այսօր զբաղեցրած պաշտոնում ստանում է 13 մլն 952 հազար դրամ աշխատանքի վարձատրություն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։
2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի, ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բաժնից հասկանում ենք, որ Կարեն Սարգսյանին պատկանող բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը կազմել է 3 մլն 700 հազար ռուբլի՝ գրեթե 16 մլն դրամ։