«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանում և Երևանից դուրս հայտնվել են ցուցանակներ՝ «Գալֆ» բենզալցակայանի լոգոտիպով, գրված․ «Բացումը՝ շուտով»: Դեռևս 2021-ին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարեց, որ բենզինի շուկայում նոր խաղացող կհայտնվի, և թույլատրեց «Մեգա Թրեյդ» և «Անիս Փետրոլեում» ՍՊԸ-ների կողմից նոր իրավաբանական անձի հիմնադրման միջոցով համակենտրոնացումը, այսինքն` միավորումը:
Այդ ընկերությունների 2023 թ. հոկտեմբերի 4-ի դիմումների հիման վրա հանձնաժողովը հարուցել էր համակենտրոնացման գնահատման վարույթ։ Նոր ընկերությունը զբաղվելու է նավթամթերքի մանրածախ առքուվաճառքով, գործելու է Gulf ապրանքային նշանի ներքո։
«Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ի 20 տոկոս բաժնեմասը պատկանում է Գարեգին Մկրտչյանին, ով նաև «Կոտայք» գարեջրի գործարանի 100% բաժնետերն է: Նրան է պատկանում «Այ Ջի Բի» ՍՊԸ-ն, որը զբաղվում է մանրածախ առևտրով։ 2021-ից Գ․ Մկրտչյանը նաև «Բեգլաս» ՍՊԸ-ի 33% բաժնետերն է: 2021 թվականին մամուլում շրջանառվեցին տեղեկություններ, որ «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն փոխկապակցված է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ:
Բենզալցակայանները հիմնականում բացվում են ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի՝ Բուռնաշի նախկին բենզալցակայաններում, որոնք տևական ժամանակ անտերության էին մատնված: Մյուս՝ «Անիս Փետրոլեում» ՍՊԸ-ի սեփականատերերն ազգությամբ վրացիներ են` Իվանե Նակաիձեն և Դավիդ Յակոբաշվիլին»: