«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսի 6-ի գիշերը Երևան-Սևան ճանապարհին հնչած պայթյունը նոր հարցեր է առաջացնում. ինչ հանգամանքներում գազալցակայաններից մեկում պայթուն ու դրա հետևանքով հրդեհ եղավ, և ինչով էին զբաղված պետական պատասխանատու գերատեսչությունները: Գազալցակայանը, որը պայթել էր, պատկանում է «Գազ օիլ» ՍՊԸ-ին, այն մի քանի անգամ պետական մարմինների կողմից, պարզվում է, տուգանվել է։ Գազալցակայանի և բենզալցակայանի տուգանքային պատմությունը տեսնելիս սակայն նկատելի է, որ շատ քիչ ժամանակաշրջան է այն առանց խնդիրների աշխատել։
ArmLur.am-ը գրել էր, թե վերջին 2 տարվա ընթացքում քանի անգամ է տուգանվել և ինչպիսի արգելքներ են դրվել ՍՊԸ-ին պատկանող լցակայանի վրա։ «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը այս տարի հայտնաբերել է, որ ԱՎՕ փորձաքննություն չի անցել տվյալ գազալցակայանը, ինչը ենթադրում է, որ այն անհապաղ պետք է դադարեցներ գործունեությունը, սակայն չի դադարեցրել:
Հասկանալի է, որ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի ցուցումով միայն կարող էր նման որոշում կայացվել. իսկ թե ինչ մոտիվացիայով կարող էր տեսչականի ղեկավարը ներողամտություն ցուցաբերել, բարդ է ասել. համենայնդեպս, երբ ArmLur.am-ը դիմեց ՔՏՀԱ տեսչական մարմին, այնտեղից բացատրեցին, որ «Տեսչական մարմնի ղեկավարը, 2023 թվականից սկսած, բազմաթիվ ստուգումներ է իրականացրել, գազալցակայանների և բենզալցակայանների փակման որոշում է կայացրել։ Ընդհանուր առմամբ, կոնկրետ պայթյունի հասցեում գտնվող «Գազ Օիլ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանին շուրջ 6 մլն դրամ և ավելի տուգանք է նշանակված և բռնագանձված։ Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործելու հիմքով կասեցում ունենք, վերջին հանձնարարականով ստուգումը եղել է 2024 թվականի հունվարի սկզբին. փետրվարի 19-ին Գարեգին Խաչատրյանի հետ համագործակցելով՝ Հարկադիր կատարման մարմինը ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանը կապարակնքել է. սակայն, պայթած լցակայանի սեփականատերն ասում է՝ «Ես ունեմ բոլոր փաստաթղթերը փորձաքննությունների»:
Նախագծային փաստաթուղթը չի ենթադրում, որ, օրինակ, փորձարկումն արվել է և լցակայանը ճանաչվել է անվտանգ շահագործման համար։ Տեսչական մարմին դիմել է, մենք շահագործման համար տվել ենք բացասական պատասխան»։