Մամուլ

Ի՞նչ է քննարկել Բագրատ արքեպիսկոպոսը, ո՞րն է լինելու հաջորդ քայլը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախօրեին հայտարարեց, թե քաղաքական ուժերի հետ կարճ քննարկում պետք է ունենա։ Մենք տեղեկացանք, որ հանդիպմանը մասնակցել են ներկայացուցիչներ խորհրդարանական ուժերից, «Սասնա ծռերից», Ավետիք Չալաբյանը, Սուրեն Պետրոսյանը և այլք։ Սրբազանը ներկայացրել է առաջիկա շաբաթվա իր ծրագիրը, բայց ոչ շատ մանրամասն:

Ասել է, որ դետալների մասին չի խոսելու՝ հաշվի առնելով, որ ցանկացած իրավիճակ կարող է ինչ-որ գործողություն թելադրել: Բացի այդ, ըստ մեր աղբյուրի՝ առաջին օրվանից նա նման զգուշավորություն է դրսևորում՝ խուսափելով արտահոսքերից։ Ներկայացրել է, որ հունիսի 12-ը վճռական օր է լինելու, ուստի ինքը պետք է հասկանա՝ բացի աջակցության, սատարման մասին հայտարարություններից, գործնականում ով ինչպես կարող է աջակցել շարժմանը, քանի որ մարդկանց թիվն էականորեն փոխելու է իրավիճակը։ Ակնկալվում է, որ 30 հազար մարդ կհավաքվի խորհրդարանի դիմաց՝ 15.00-ից սկսած։

Քաղաքական գործիչներին հետաքրքրել է՝ եթե կրիտիկական զանգված հավաքվի, ո՞րն է լինելու հաջորդ քայլը։ Սրբազանը հարցն անպատասխան է թողել, ասելով՝ թող հավաքվի, կտեսնենք»։