«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրանցում սահմանազատման հետևանքով սեփականությունից զրկված մարդկանց մեծ մասը, ըստ լուրերի, համաձայնել է կառավարության փոխհատուցման առաջարկին և դիմումներ գրել, սակայն շարունակում են հույժ գաղտնի պահել փոխհատուցման չափը թե՛ տների, թե՛ հողերի, թե՛ կրպակների մասով։ Փոխարենը ասեկոսեներ են շրջում, թե տների համար կառավարությունը 70-100 հազար դոլարի չափով փոխհատուցում է խոստացել, մի քիչ ավելի պակաս՝ մյուս շինությունների ու հողատարածքների համար։
Երեկ մեզ ասացին, որ կիրանցեցի Խանումը, ով մինչև վերջին պահը պայքարում էր և դեմ էր փոխհատուցման առաջարկին, համաձայնել է` տեղափոխվելու է Իջևան, որտեղ իշխանությունները նրա համար բնակարան են վարձակալել։ Տիկին Խանումի տունը սահմանազատման հետևանքով ադրբեջանցիներին անցած երկու տներից մեկն է։ Մյուսն էլ Մհերն է, ով օրեր առաջ սկսել էր քանդել իր տունը, որ ադրբեջանցիներին չմնա»։