«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործը ավարտական փուլում է: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ գործով կալանավորվածների մեղադրանքները վերաորակվել են ու առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել։ Ասել է թե՝ առաջիկայում գործով նախաքննության ավարտ կհայտարարվի ու այն կուղարկվի դատարան։
Նշենք, որ երեկ ArmLur.am-ը գրել էր, որ նախաքննական մարմինն օրերս միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը երկարացնի ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք նռնակով ներխուժած և պայթյուն իրականացրած երեք կալանավորների կալանքի ժամկետը։ Արդյունքում՝ դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 զինված քաղաքացի փորձել էին ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել էին նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 -ը վիրավորվել էին և տեղափոխվել բուժհաստատություն։ Դեպքի առիթով նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ահաբեկչության հատկանիշներով:
Նոր Նորքի ոստիկանության շենք ներխուժած և վիրավորում ստացած անձանցից մեկը Արթուր Մովսիսյանն էր, որի որդին՝ Էդգար Մովսիսյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում։
Մյուս կալանավորվածը Կոտայքի մարզի բնակիչ Ստեփան Հովակիմյանն է, որի հետ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը շուրջ 2 ժամ բանակցեց, իսկ ահա ավելի ուշ դեպքի վայր եկավ ԱԱԾ հատուկ ջոկատայինների մարտական խումբը և վնասազերծեցին Հովակիմյանին»։