«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Այս տարվա հունվարին առողջապահության նախարարը հայտարարեց, թե 2024 թ. հուլիսից կմեկնարկի բժշկական պարտադիր ապահովագրության համակարգը:
Նշեց, որ այն կիրագործվի փուլերով. սկզբում պետպատվերի շահառուները կներառվեն համակարգում: «Նրանք մինչև 18 տարեկան երեխաներն են, առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք են կամ ֆունկցիոնալության այդ աստիճաններն ունեցող քաղաքացիները, եւ ունենք մի շարք այլ խմբեր», - մանրամասնել էր նա։
Բայց, պարզվում է՝ մինչև հիմա ընդունված չէ այս ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթը. այն անգամ կառավարության հաստատմանը չի ներկայացվել։
Իսկ երեկ էլ Ավանեսյանը, լրագրողների հետ ճեպազրույցում, հարցին, թե առաջին փուլի մեկնարկը երբ է նախատեսված, ասել է. «Քանի որ սա օրենսդրական մեծ փաթեթ է, շատ դժվար է դրա ընդունման ժամկետները հստակ սահմանել, որովհետեւ դեռ ԱԺ-ում պետք է քննարկումներ տեղի ունենան, եւ նախագծի շուրջ ԱԺ-ում էլ թե՛ հանրային լսումներ կլինեն, թե՛ կլինեն նաև պատգամավորների կողմից որոշակի առաջարկներ»։
Այսինքն՝ ակնհայտ է, որ այդ համակարգն այս տարվա հուլիսից չի մեկնարկի»։