Մամուլ

30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ներքին գործերի նախարարությունը 30 մլն դրամ է տրամադրել մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար: Թե քանի հատ նման շենք է ձեռք բերվել ու ինչի համար, պայմանագրում չի նշվում։ Դրանք, ըստ ամենայնի, շարժական կացարաններ են, որոնց մասին շատ էր խոսվում, երբ Ազատ գյուղում հայտնի ողբերգական դեպքը տեղի ունեցավ, և գիշերով հրկիզվեց զինվորների կացարանը` կեցության և անվտանգության տարրական պայմաններից զուրկ այդ վթարային շենքը, ինչի հետևանքով 15 երիտասարդ զինծառայող մի քանի րոպեում զոհվեց:

Այն ժամանակ շատ խոսվեց այն մասին, որ ժամանակակից մոդուլային կացարաններ ձեռք բերելը թանկ չէ, ուղղակի պետությունը խնայում է միջոցները և զինվորներին պահում անմարդկային պայմաններում: Եվ հիմա` փոխանակ նման կացարաններ ձեռք բերեն ՊՆ-ի համար, որոնք որպես շարժական զորանոցներ կծառայեն, ձեռք են բերում ՆԳՆ-ի, ամենայն հավանականությամբ` ոստիկանության համար, որ իշխանություններին պաշտպանելու գործն ավելի պրոֆեսիոնալ և նվիրված իրականացնեն»: