Մամուլ

Գավաթակիր թիմի մարզիչները բոյկոտել են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 12-ին Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղում «Արարատ-Արմենիան» հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց «Ուրարտու» ՖԱ-ին ու իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Հայաստանի գավաթը։ Սա զուտ սպորտային իրադարձություն կլիներ, եթե պարգևատրման ու գավաթի հանձնման արարողությունը չուղեկցվեր սկանդալով: Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ներկա երկրպագուների աչքից չի վրիպել փաստը, որ պարգևատրման արարողության ժամանակ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներին մոտեցող ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և նրան ուղեկցող Արմեն Նիկողոսյանի դեմ, ըստ էության, բոյկոտել է թիմի մարզչական շտաբը՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ, ու չի մոտեցել ՀՖՖ նախագահին՝ գավաթը հանձնելու պահին։

Այսքանով ամեն բան չի ավարտվել. կատարվածից սաստիկ զայրացած ՀՖՖ ղեկավարությունը, ոչ պաշտոնապես հայտարարել է, որ այլևս չի վաճառի ՀՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիայի մի հատվածը «Արարատ-Արմենիային», որի մասին «Հրապարակի» մեր գործընկերների հետ զրույցում խոսել էր թիմի պաշտոնյաներից մեկը՝ ըստ էության հաստատելով, որ բանակցություններն «Արարատ-Արմենիայի» ու ՀՖՖ-ի միջև այս ուղղությամբ ընթանում են։ Ֆուտբոլային աշխարհի մեր աղբյուրները հայտնում են, որ այս քայլով, «Փյունիկ» ՖԱ-ից հետո «սև ցուցակում» կհայտնվի նաև «Արարատ-Արմենիան»։

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» պատկանում է «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանին, իսկ այդ թիմի գլխավոր մարզիչն է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որը ՀՖՖ նախագահի վերջին ընտրություններից առաջ իր դիրքորոշումն էր հայտնել՝ չսատարելով ՀՖՖ նախագահ դարձած Արմեն Մելիքբեկյանին։