Մամուլ

Սահմանազատման հանձնաժողովի դեմ դիմում կներկայացնեն դատախազություն ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, այսօր «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ դատախազություն՝ Սահմանագծման հանձնաժողովի կողմից սեփական իրավասությունների վերազանցման վերաբերյալ: «Փաստի» հետ զրույցում նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով. «Առերևույթ հանցագործության մասին հաղորդում ենք պատրաստել, որով ասում ենք՝ այդ հանձնաժողովի անդամները, ինչպես նաև վարչապետը, որի որոշմամբ այդ հանձնաժողովը ստեղծվել է, գերազանցել են իրենց իրավասությունները: Մհեր Գրիգորյան-Շահին Մուստաֆաև հայտնի հայտարարությունը դուրս է գալիս մեր իրավական դաշտից, որովհետև ոչ մի ներպետական ընթացակարգ չի անցել:

Ինչպե՞ս կարող են սյուներ տեղադրել: Առավելագույնը, ինչ կարող են անել, նոր պետական սահմանագիծ համաձայնեցնելն է, բայց այդ համաձայնեցումը պետք է ընդունվի պետության կողմից»: Ըստ Չալաբյանի, սահմանագծման և սահմանազատման այն գործընթացը, որ հիմա փաստացի տեղի է ունենում Տավուշի սահմանագծի հատվածում, իր էությամբ ապօրինի է»: