«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային ագրարային համալսարանը բախվել է ֆինանսական լրջագույն խնդրի: Վերջին տարիներին մի քանի դիմորդ ունեցող բուհի ֆինանսական վիճակն ավելի է ծանրացել:
Ռեկտորի պարտականությունները կատարող Հ. Զաքոյանը վերջերս է տեղեկացել, որ համալսարանը կուտակել է ավելի քան 340 միլիոն դրամ գույքահարկի պարտք: Պարզել է, որ պարտքի միայն մի մասն է առնչվում իր ղեկավարման ժամանակահատվածին, մեծ մասը կուտակվել է 2021-ից, երբ համալսարանի ռեկտորն էր Վարդան Ուռուտյանը: Համալսարանը գույք ունի Երևանում, Կոտայքում, Արագածոտնում, Սյունիքում, Լոռիում և Արմավիրում:
Ըստ մեր տեղեկությունների, այս խոշոր պարտքն արտացոլված չի եղել 2021-2024թթ. հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված բյուջեի նախահաշվում ու կատարողականներում, և հիմա համապատասխան մարմինները պետք է պարզեն, թե վերոնշյալ ժամանակահատվածում Ուռուտյանի և Զաքոյանի (2018 թվականից՝ նախ տնտեսական հարցերի գծով, ապա նաև՝ ուսումնական գծով պրոռեկտոր) կողմից հարկային պարտավորությունները չկատարելը, դրանք ֆինանսական փաստաթղթերում չներառելը եղել են սեփակա՞ն նախաձեռնությամբ, թե՞ հոգաբարձուների խորհրդի գիտությամբ»: