«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նրանք, ովքեր ասում են, թե Հայաստանը կրոնապետություն չէ, որ սրբազանը դառնա պետության ղեկավար, թերևս չգիտեն, որ Բագրատ սրբազանը, ըստ գործող Սահմանադրության, չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին, քանի որ երկքաղաքացի է` Հայաստանի և Կանադայի քաղաքացիություն ունի: Կանադայի քաղաքացիություն ստացել է Հայ առաքելական եկեղեցու Կանադայի թեմը ղեկավարելու շրջանում: 2003 թ. մայիսին կանադահայոց թեմի 20-րդ պատգամավորական ժողովը նրան ընտրել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ, և մոտ 10 տարի ղեկավարել է թեմը: Հայաստան վերադարձել է 2013-ին։
Ի դեպ, նրա` երկրորդ ժամկետում ընտրվելու ժամանակ կեղծիքներ են գործի դրվել, քանի որ նա կանադահայոց շրջանում մեծ հեղինակություն է վայելել՝ սասանելով տեղի հայկական կուսակցությունների դիրքերը (ըստ որոշ հրապարակումների` ռամկավարների)։
Իսկ ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրվելու համար պարտադիր պահանջ է, որ վերջին 4 տարում անձը պետք է միայն ՀՀ քաղաքացի լինի։ Սա նշանակում է, որ չնայած շարժումը գեներացնողն ու առաջնորդողը սրբազանն է, բայց նա կարող է միայն ժամանակավոր լիդեր լինել` անցումային այս բարդ փուլում: Երբ գա պաշտոն զբաղեցնելու պահը, նա մի կողմ է քաշվելու և ուրիշին է զիջելու բնական կարգով ժողովրդի կողմից իրեն տրված «իշխանությունը»: Իսկ իշխանություն ձևավորելու գործն արդեն պետք է ստանձնեն քաղաքական կուսակցությունները` օրենքով սահմանված կարգով և ընտրություններին ստացած քվեների միջոցով»: