Մամուլ

ԱՄՆ–ը փաստել է՝ մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են. «Ժողովուրդ»

ԱՄՆ–ը փաստել է՝ մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից 2024 թվականի ապրիլի 22-ին հրապարակված զեկույցում անդրադարձ է կատարվել նաև խոշտանգումներին և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքին կամ պատժին ու այլ նույնատիպ չարաշահումներին։

2022թ.-ից խոշտանգումների դեպքերի գերակշիռ մասի նախաքննության պատասխանատվությունը վերապահված է քննչական կոմիտեին, սակայն իրավապաշտպան-փաստաբանների դիտարկմամբ՝ կոմիտեի քննիչները չունեն նմանօրինակ գործեր քննելու փորձառություն։

Քննչական կոմիտեի կողմից թույլ տրված խոշտանգումների դեպքերով նախաքննությունները վերապահված են Ազգային անվտանգության ծառայությանը, սակայն, իրավապաշտպան-փաստաբանները գտնում էին, որ այս քննություններն անկախ ու թափանցիկ կերպով չէին անցկացվում, և ապահովված չէր արժանահավատ նախաքննությունների համար անհրաժեշտ հանրային վերահսկողություն։

Ըստ մարդու իրավունքների ակտիվիստների՝ բռնությունների հին ու նոր դեպքերի հետ կապված՝ իրավապահների անպատժելիությունը նպաստել է խնդրի շարունակականությանը. երբ ենթադրյալ մեղավորները շարունակել են զբաղեցնել իրենց պաշտոնները կամ ունեցել են պաշտոնեական առաջխաղացում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական