Մամուլ

Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայությունը պարտվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն, որ պարեկային ծառայության կողմից տուգանված քաղաքացիները դիմում են դատարան ու անհիմն տուգանքների համար արդարություն պահանջում, գաղտնիք չէ, և հաղթանակները բավականին հաճախ են կրկնվում. իսկ դատարան ներկայացված հարցերին թիվ ու սահման չկա: Այս իրավիճակին զուգահեռ, սակայն, ստեղծվել է նաև այն պատկերը, որ քաղաքացիները դատի են տալիս ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանին անձամբ, և հաղթում են դատարանում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:

Անանյանը դատարանում հայտնել է, որ ինքը տրանսպորտային միջոցը վարելիս ամրակապված էր անվտանգության ամրագոտիով և համաձայն չի եղել իրեն արձանագրված իրավախախտման փաստին, իսկ պարեկային ծառայության տեսուչը իրավախախտման փաստը հավաստող որևէ ապացույց չէր ներկայացրել իրեն և մի բան էլ նշանակել էր տուգանք՝ 10.000 ՀՀ դրամի չափով:

Արդյունքում՝ դատավորը 2024 թվականի ապրիլի 16-ին վճռել է Մուսայել Անանյանի հայցը բավարարել՝ անվավեր ճանաչելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության 27.07.2023 թվականի վարչական իրավախախտման գործով որոշումները: ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունից հօգուտ Մուսայել Միքայելի Անանյանի բռնագանձվել է 4.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Հավելենք, որ պարեկային ծառայությունը վերածվել է նախկին «գայիշնիկների» ինստիտուտի, երբ մարդկանց համատարած բռնում և տուգանում են՝ կարծես պլան կատարելիս լինեն. բայց այդ վիճակագրությանը կանդրադառնանք հաջորդիվ»: