«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին գրում էին, որ «Քարֆուրի» մտնելը տնտեսական հեղափոխություն է լինելու, մյուս ցանցերն այդ մրցակցությանը չեն դիմանալու, որ այն նոր կուլտուրա կբերի իր հետ:
«Քարֆուրը» եկավ` հեղափոխություն չեղավ, իսկ օրերս էլ տեղեկացանք, որ ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից: Ցանցի ֆրանչայզինգը մնում է, բայց ֆրանսիացի սեփականատերերն այն վաճառել են հայերի և հեռանում են Հայաստանից:
Մեզ ասացին, որ գնորդը նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանն է: Սակայն վերջինս հերքեց` ինքը չէ գնորդը, այլ իր գործընկերոջ փեսայի եղբայրը՝ մոսկվաբնակ մի հայ գործարար: Հակոբյանը հրաժարվեց հայտնել այդ գործընկերոջ կամ նրա փեսայի անունը՝ ասելով, թե չգիտի․ «Չեմ ճանաչում, չգիտեմ անունը: Ես լսել եմ, չգիտեմ` ճիշտ է, թե սուտ»։