Մամուլ

Արցախի քաղաքական վերնախավը հավաք է անցկացրել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քաղաքական վերնախավը նախօրեին հավաք է անցկացրել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում, որին մասնակցել են նաեւ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, պետնախարար Արամ Սարգսյանը։ Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված։

Չնայած ԱՀ թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմիններում համապատասխան օրենսդրական փոփոխություններ արվեցին, կարգ մշակվեց, որ այդ գումարները վաղաժամ վերադարձվեն ցանկացողներին, քանի որ վտարանդի արցախցիներն այլեւս համարվելու են ՀՀ աշխատողներ եւ, ըստ այդմ՝ կուտակելու են ՀՀ օրենսդրական կանոններով, եւ գործընթացի մեկնարկն արդեն պետք է տրված լիներ, սակայն գումարները չեն փոխանցվում տերերին։


Արցախում կենսաթոշակային գումարները կուտակվել են «Ջեներալ ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ի ստեղծած Պահպանողական կենսաթոշակային ֆոնդում։ Ընկերությունը գրանցվել է Հայաստանի Կենտրոնական բանկում՝ 2019 թ․ օգոստոսի 2-ին, եւ ստացել է ներդրումային ֆոնդի գործունեության լիցենզիա, այսինքն՝  գործունեությունը կարգավորվում է ԿԲ-ի կողմից։ Չնայած դրան, թե՛ ԿԲ-ն, թե՛ ՀՀ կառավարությունը որոշել են ջրել այս թեման՝ չզբաղվել խնդրով։

Արցախի վերնախավը քննարկել է՝ եթե ՀՀ պատկան գերատեսչությունները շարունակեն այս պահվածքը, արցախցիները բողոքի ակցիաներ կնախաձեռնեն։ Խոսել են նաեւ ԼՂ-ից ռուս խաղաղապահների հեռանալու մասին, Շահրամանյանն ասել է, որ իր համար եւս անակնկալ է եղել ռուսների քայլը, առաջիկայում փորձելու է հասկանալ՝ ինչ տեղի ունեցավ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում