Մամուլ

Ջալալ Հարությունյանի գործով հարցաքննվել են 3 վկաներ․ ովքեր են նրանք․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ Սյունիքի մարզի դատարան է ներկայացել Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանը։

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել լուսանկար, թե ինչպես է նա դատարանում փաստաթղթեր ուսումնասիրում։ Նշենք, որ նա Սյունիքի մարզի դատարան է գնացել իր դեմ հարուցված քրեական գործով։ Նիստը կայացել է, գործով հարցաքննվել են 3 վկաներ, որոնցից մեկը Ցոր զորամասի կապիտան է եղել, և երկու զինվորներ։ Զոհվածների հարազատները դատարանին միջնորդել էին գործը քննել Երևանում, որպեսզի իրենք բոլոր նիստերին կարողանան ներկա գտնվել, սակայն դատարանը մերժել էր։

Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք. իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։